1978 թվականի ապրիլյան գարնանային անմոռանալի օր (ապրիլի 27)։
Ղողանջեց «Արագած» թերթի խմբագրության ներքին հեռախոսը․ ՀԿԿ Արագածի շրջկոմի առաջին քարտուղար Թելման Մելքոնյանը թավ ձայնով․
-Լիզա, այսօր նշանավոր հյուրեր կունենաք։
Հյուրեր չունենալն էր անսովոր մեր ընտանիքի համար։ Տասնամյակներ են անցել, և այս պահին իմ հիշողության մեջ վերակենդանացան այն հազարավոր ծանոթ ու անծանոթ մարդիկ, որոնց թվում՝ հարյուրավոր նշանավոր անձինք, որոնք՝ այս ու այն առիթով, հյուրընկալվեցին մեր հայրական հյուրամեծար տանը։ Թեև մեր տունը կենտրոնական մայրուղուն չէր հարում, բայց այդ գյուղով անցնելիս անկարելի էր շրջանցել Աբրոյենց հյուրասեր Ժորայի (Ժորժիկի) տունը։
Երբեմն շրջան այցելած նշանավոր հյուրերին առաջին քարտուղարն էր ուղեկցում գյուղեր՝ ինչպես գարնանային այն օրը։
Երեկոյան դեմ շրջկոմի «Վիլիս» մակնիշի մեքենան կայանեց բակում։ Խոհանոցի պատուհանից նկատեցինք պարթևահասակ Թելման Մելքոնյանին, Սոս Սարգսյանին, ևս երեք տղամարդիկ, որոնցից մեկը՝ խարտյաշ, գեղադեմ։
Արդեն մեծ ուրախություն ու ցնծություն էր մեզ համար Սոս Սարգսյանին հյուրերի թվում տեսնելը։ Նրան մի քանի անգամ հյուրընկալել ենք մեր տանը։ Հայ կինոյի ամենասիրված դերասաններից էր, որն իր համուհոտով դերերով մտել էր մեր սրտերը։ Դեռ թարմ էր մեր տպավորությունը 1977 թվականին նկարահանված «Նահապետ» ֆիլմից, Բացի այդ, սիրելի դերասանի հետ՝ այսպես ասած, խնամիական կապ ունեինք․ նրա մորաքրոջ դուստրերը՝ Ռոզան և Նինան հարսնացել էին մեր գյուղում։ Նինան մորս հորեղբոր և հորս հորաքրոջ տղայի կինն էր։
Դուրս եկանք՝ մեր սրտի և մեր հոգու ջերմությամբ, ցնծությամբ դիմավորեցինք հյուրերին։ Մեր ուրախությունը կրկնապատկվեց՝ գեղադեմ տղամարդը Մուշեղ Գալշոյանն էր։ Աստված չէր խնայել նաև նրա արտաքինը՝ գեղեցկատես, խարտյաշ, կապուտաչ, բարձրահասակ։ Գիտեի որ նա այն քիչ գրողներից էր, որոնք գրեթե չէին մասնակցում՝ ԳՄ-ի կողմից կազմակերպվող նմանատիպ հանդիպումներին․․․
Այն օրը մեր բախտը բերեց։
Մուշեղ Գալշոյանի անունը ինձ վաղուց հայտնի էր «Ավանգարդ» թերթից և «Գարուն» ամսագրից։ Կարդացել էի «Ձորի Միրոն» վիպակը, «Ծաղկած քարեր» և «Բովտուն» ժողովածուները, հետո այդ շարքում՝ նրա մահից հետո, ավելացավ «Մարութա սարի ամպերը» գիրքը։ Մյուս երկու տղամարդիկ նույնպես ծանոթ արձակագիրներ էին՝ Ռաֆայել և Վալտեր Արամյան եղբայրները։ Ռաֆայել Արամյանի «Չթամբած ձիեր» և Կոմիտասի մասին վերջինիս «Ո՜վ զարմանալի» պատմվածքները, ինչպես նաև՝ Վալտեր Արամյանի «Ընկած ծառը» և «Մի՞թե բոլորը հող դարձան» ժողովածուները նույնպես ունեինք մեր գրադարանում։ Մեր տանը հյուրընկալված բոլոր գրողները մեծ ուրախություն էին ապրում՝ մեր գրքերի մեջ հանդիպելու իրենց գրքերին, և շատերը սիրով ընծայագրել են դրանք։
Հյուրերը մի պահ կանգնեցին բակում, հիացան, որ լեռնային գյուղում այգի ունենք (մեր գյուղը ծովի մակարդակից բարձր է 2 100 մ (գարունը մայիս-հունիսին է գալիս), որ հոգածու վերաբերմունք ունենք հողի նկատմամբ։ Այգում՝ բացի խնձորենիներից, կային բարդիներ, լորենի, ակացիա, մոշի և մորու թփեր, եղրևանի և այլն։ Ներկայումս եղբայրս ու հարսս ավելացրել են թե´ մրգատու, թե´ դեկորատիվ ծառերը, եղևնիները։ Իսկ պարտիզպան հարսիս բանջարանոցը և բազմերանգ ծաղիկներն ու ծաղկանոցները՝ գարնանից-աշուն տեսնել, վայելել է հարկավոր։
Գալշոյանի խոսքով․
«Հողը մեր ոտքերի տակ է ոչ թե տրորելու համար, այլ որպես հենարան, որ պինդ կանգնենք և մեր հենարանը զգանք մեր գլխից բարձր: Տրված է ոչ թե տրաքվելու չափ կշտանալու և փառք վաստակելու համար, այլ ի պահ` չծնվածների: Հողի այսօրվա տված հացը մերն է, իսկ հողը` չծնվածներինը»:
Ինքն էլ՝ ոչ միայն իր վիպակների ու պատմվածքների հերոսների՝ Սասունից ու Մուշից բերած տաք շնչով, կորուսյալ Էրգրի կարոտով, բրաբիոն ծաղկի բույրով լցրեց գրականությունը, այլև՝ Թալինի քարաշատ և մանրիկ քարերով խշրտացող հողերում տնկեց այգիներ, որոնք ծաղկեցրեց իր հոգու ջերմությամբ։
(Միջանկյալ նշեմ, որ Գալշոյանի «Ծաղկած քարեր» գրքի վերնագրի առնչությամբ, գրող Հրաչյա Մաթևոսյանը մեր տանը պատմեց։ Անցած դարի յոթանասունական թվականների սկզբին Հրաչյան ակնարկ է գրել Թալինի Աշնակ գյուղի մասին՝ «Ծաղկած քարեր» վերնագրով։ Մի օր Մուշեղը հիշեցրել է ակնարկի վերնագիրը, և ասել․
-Վերնագիրը ծախիր՝ առնեմ։
Հրաչյայի հարցմանը․
-Ի՞նչ վերնագիր։ -Ի՞նչ, Ծաղկած քարեր։
-Էն, որ «Ավանգարդում» տպագրել էիր․․․
-Վերնագրի եղածն ինչ էր․ մի բաժակ գինով, մի բաժակ սուրճով վերնագիրս «ծախեցի» Մուշեղին։
Եվ Մուշեղ Մանուկյանը, որ իր պապի՝ Գալշոյի Մանուկի անունը նոր էր առնելու ուսերին՝ գրական անուն դարձնելով, իր գիրքը կոչել է «Ծաղկած քարեր»․․․
Մինչ սուփրա բացելը, հյուրերը՝ մի բաժակ սուրճով և ծխախոտով նստեցին շախմատի, նարդու տախտակների առջև։ Այդ մարտերը, նրանց ոգևորությունը տեսնել էր հարկավոր։
Մայրս շիկացրեց թոնիրը խորովածի համար։
Մեր տունը հայրս բազմիցս վերակառուցեց, և մեր հյուրասենյակը զրկվեց լիարժեք օդափոխությունից, որովհետև առջևի պատշգամբը հետագայում վերածվեց սենյակի։
Հայրս շատ էր ծխում, եթե ծխող տղամարդիկ էինք հյուրընկալում (այն տարիներին կանայք թաքուն էին ծխում), հյուրասենյակը դառնում էր թոնրատուն։ Օրվա ամենաթունդ ծխողը Մուշեղ Գալշոյաննն էր՝ նրա մոխրամանը մի քանի անգամ դատարկեցինք։
Մենք արմատներով մշեցի ենք։ Այն օրը մշեցու և սասունցու հոգեհարազատ հանդիպում էր։ Մեր տոհմում շատերը խարտյաշ են, կապուտաչ՝ Մուշեղի նման։ Մի տեղ նշել եմ, կարծեմ, մերոնք Տիգրան Մեծի սերունդներից են։ Պատմահայր Խորենացին նկարագրել էր երեքին, որոնք խարտյաշ և կապուտաչ էին․․․
Մայրս և ավագ քույրս՝ Լիդան խոհանոցում զբաղված էին ուտեստեղեն պատրաստելով, իսկ ես՝ սեղանը թարմացնելով։ Լինում էր, որ շունչ էի քաշում, նստում Մուշեղի կողքին։ Թեև հիշողությունիցս չքացել է այն օրվա մեր սրտաբաց զրույցը, բայց Մուշեղի ջինջ, կապույտ աչքերի ցոլքը, ձայնի ջերմությունը պահպանում եմ հոգումս։ Մի լուսապսակ կար գլխին, մեղրահամ էր խոսքը, սքանչելի ժպիտով էր ողողված դեմքը։
Հարցուփորձ արեց մերոնցից։ Պատմեցի, որ մշեցի նախնիներս Միրոյի նման խռոված էին աշխարհից, նաև՝ «ուրբաթախոս» էին, և ժպիտով նշեցի, միայն թե մերոնց կառուցած տները չեն նայում գյուղի հակառակ կողմը, ինչպես՝ Միրոյի տունը։
Իր դեմքն էլ ողողվեց դուրեկան, ջինջ ժպիտով։ Շարունակեցի, թե տեղեկություններ եմ հավաքում մերոնց մասին, կամենում եմ մեր տոհմածառը կազմել և գրել մերոնց մասին։
-Հրաշալի նախաձեռնություն է, Լիզա ջան, լավ բան է, հարկավոր է պահել հիշողությունը, և ավելացրեց, որ ինքը՝ ձայնագրիչով շրջում է Թալինի գյուղերում, գրի առնում ցեղասպանությունից փրկված սասունցիների և մշեցիների զրույցները։
Ավելացրեց․
-Մեր երեխաներն ավելի լավ գիտեն Հերոսիմայի տեղը, քան Եղեռնի մասին, գիտեն գազախցիկների պատմությունը, բայց Դեր Զորի մասին քիչ գիտեն․․․
Մեր զրույցն ընդհատվեց, որովհետև հայրս՝ իր սովորույթի համաձայն, այս ու այն բանը խնդրեց։ Կենացները քաղցրացան։ Հայրս ներսից ձայնեց․
-Վարիկո, մի րոպե եկ։
Մայրս մտավ սենյակ՝ ինչպես ուսուցիչը գրատախտակի մոտ է հրավիրում աշակերտին։
-Մի բան երգի։
Մայրս երբեք չէր սեթևեթում կամ նազ ծախում։ Երգը մորս տարերքն էր, նույնիսկ իր հարսանիքի օրը՝ պապի հորդորով, երգել է, այն էլ՝ մեր ավանդապահ գյուղում: Թեև մեծ բեմերում չի երգել, բայց մեր տան բոլոր հանդիպումների և արարողությունների ժամանակ հնչել է մորս երգը, որով ծաղկեցրել է բազմաթիվ սեղաններ ու կենացներ: Ինքն էլ, կարծեմ, հոգեկան մեծ բավարություն էր զգում դրանից:
Հարյուրավոր երգեր կային մորս երգացանկում․ բայց նա որսաց պահը, և երգեց Ջիվանու «Անի»-ն․
...Պալատներդ հողին եղած հավասար,
Կրկին նորոգվելու էլ չունիս հնար,
Վանքերդ կիսաքանդ առանց ժամարար,
ՈՒր է դրությունդ պայծառ քո, Անի՛...
Տխրեցինք, մեր ժողովրդի ողբերգական պատմությունն է, սիրո պակասից կորցրեցինք և´ Անին, և´ Մեծ Երկիրը։ Մեր հոգում խեղդված ցավը կարծես ալեկոծվեց։ Միրոյի հառաչանքի ձայնը լսվեց․
-«ՈՒ՞մ թողի՛ր քո էրգի՛ր, Միրո՛,
Անտեր շներին թողի՛ր, քո էրգի՛ր, Միրո․․․»։
Թելման Մելքոնյանը՝ ով թխահեր, բոյ ու բուսաթով, ժայռակուռ տղամարդ էր՝ քեֆը լավ, ձեռքը խփեց սեղանին և իր թավ ձայնով երգեց․
-Առանց վախի, առանց ահի
Քաջերու տուն, Սասունասար,
Քեզնից հրդեհ կպատահի,
Կրակի բուն, Սասունասար․․․Ջիվանի
Սեղանակիցներս ձայնակցեցինք նրան։
Սոս Սարգսյանը մտերիմ էր Մելքոնյանին, հաճախ էր հյուրընկալվում նրանց տանը, բաժակ բարձրացրեց․
- Եկեք խմենք մեր հայրենասեր Թելմանի կենացը։
Մելքոնյանը 1974 թվականից աշխատում էր ՀԿԿ Արագածի շրջկոմի առաջին քարտուղար։ Մեծ հայ էր, նվիրված իր երկրին, ժողովրդին, հարուստ մտավորականի պաշարով, կարդացած։ Նա այն բացառիկ կուսակցական ղեկավարներից էր, որի ներքին ազատությունը չէր կաշկանդվում քարտուղարի պաշտոնով։ Նրա ղեկավարած տարիներին երանելի ժամանակներ ապրեցին արագածցիները․ կառուցվեց և բարեկարգվեց շրջանը։
Սեղանակիցները միացան սիրելի արտիստի ջերմ, ոգեհաղորդ կենացին։ Նման սեղանների շուրջ ասվում են սքանչելի բաներ, որոնք սովորական օրերին չեն ասվում։
Հայրս, թե․
-Լիզա, մի բան արտասանիր ընկեր Մելքոնյանի կենացին։
Ես բնավորությամբ ամոթխած եմ, սկսեցի նազ անել։
-Ի՞նչ ես նազուտուզ անում,- բարկացավ Մելքոնյանը։
-Ախր, Սոս Սարգսյանի ներկայությամբ ինչպե՞ս արտասանեմ,- արդարացա։
-Լիզա ջան,- ասաց Սոս Սարգսյանը․- Ես էլ եմ շատ ամաչկոտ եղել, եթե սենյակում մի քանի մարդ էր լինում, կաշկանդվում էի, բայց այդքանից հետո էլ դարձա դերասան։
Քահ-քահ ծիծաղեցինք։ Հավաքեցի համարձակությունս և արտասանեցի Գ․ Էմինի «Սասուցիների պարը», որն արտասանել էի նաև հեղինակի ներկայությամբ, երբ 1971 թվականին նա հյուրընկալվեց մեր տանը․
․․․Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ՝ մի ազգի քաջ պատմություն,
ՈՒր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտություն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
ՈՒ այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի...
Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի,
- Հալա՜լ է քեզ,
Սասո՛ւն, պարի՜...
Կեցցեներ, ծափահարություններ․․․ Կենացները քաղցրացան։
Այո´, սիրելի Մուշեղ․
«․․․Էրգրի ու հողի կորուստ ծանր կորուստ է, բայց հող անմահ է, հող իր տիրոջ հետ արնակից է ու իր արնակցին կսպասե, կսպասե ու օրերից մի օր կհանդիպեն: Հողի կորուստ անդարձ կորուստ չէ»:
Իսկ Մուշեղը շարունակեց․
-Եթե չենք ընդունում, որ պարտվել ենք, ամոթ է, պետք է ընդունենք, որ կորցրել ենք, ցավով ընդունենք․․․ բայց հիշելը մեր այսօրվա կռիվն է, ոտքի կանգնելը հաղթանակ է․․․»։ Հույսը չկորցնելը, նորից սկսելը․․․»՝ ինչպես Միրոն։
Պատգամի նման հնչեց խոսքը, և սկսեց՝ իր նուրբ, բարեհնչուն ձայնով երգել․
-Առաքել, Մուշեղ լեռներից իջան,
Ավերակ ջաղաց հոգի ջան, օթևան եղան․․․
Այնքա՜ն կարոտ կար Մուշեղի երգում՝ Սասնա սար ու ձորի, քար ու ծառի, գերդաստանի, այնպես սրտալի էր երգում, կարծես զենքը ձեռքին, ֆիդայիների գլուխն անցած, իջնում էր Սասնա սարերից։
Հետո, շարունակեց մորս հետ Մշո գորանի երգը․
-Ցորեն իմ ցանիլ վերի արտու հող,
Պստիկ մեմ սիրել, զէն լե կըսին թող․․․ Երկուսի ձայնն այս պահին հնչեց իմ մեջ։
Հրաշք օր էր, սրտաբաց զրույց, ոգեշունչ խոսք, որոնք ուղեկցվում էին մորս և Մուշեղի երգերով, կենացներով, բաժակների զրնգոցով։
Մինչև ուշ գիշեր շարունակվեց մեր տան ուրախությունը, լիացանք, շենացանք։ Եվ´ գրողները, և´ սիրելի արտիստը չէին կարող ենթադրել, որ լեռների ծերպերին բազմած գյուղի մեր տանը նման ոգեշունչ մթնոլորտով հանդիպում էր լինելու։
Հրաժեշտից առաջ բոլորը բաժակ բարձրացրեցին հյուրամեծար ծնողներիս, մեր ընտանիքի երջանկության համար և միաբերան ասացին․
-Կգանք, սիրելի Ժորա, ձեր հրաշք, գրասեր, տաք, հյուրասեր օջախ դեռ կգանք մենք։
Մուշեղ Գալշոյանը «Բովտուն»-ը ընծայագրեց. «Սիրով՝ Լիզա Աբրահամյանին ի նշան մեր ծանոթության և վաղվա լավագուն ցանկություններով՝ Մուշեղ Գալշոյան» 27.04.1978»․․
Ռաֆայել Արամյանը «Չթամբած ձիեր»-ը ընծայագրեց՝ «Այս լավ ու հիանալի հանդիպումից հետո, սիրելի Աբրահամյաններին՝ իմ նոր ու լավ բարեկամներին սիրով և երախտագիտությամբ՝ Ռաֆայել Արամայան» 27.04.1978»։
(շարունակելի)
Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ